Հոկտեմբերի 22-ին e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրվել է ՀՀ Կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է լուծարել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի կազմում գործում է նաև Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը:
Նոյեմբերի 12-ին տեղի ունեցավ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանի և երիտասարդական ոլորտի փորձագետների ու երիտասարդական աշխատողների համատեղ հանդիպումը այս հարցի շուրջ: Ինստիտուտի աշխատակիցները իրենց մտահոգությունները հայտնելու հարթակներ մինչ այս հանդիպումը կազմակերպել և իրականացրել են: Դրանք ավելի հասցեական դարձնելու համար ակնկալում էինք քննարկմանը տեսնել նաև Կառավարության այլ ներկայացուցիչների, մասնավորապես ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և վարչապետի առաջին տեղակալ Արարատ Միրզոյանին, ինչը տեղի չունեցավ:
Լուծարման նախագծում որպես հիմնավորում նշվում է հետևյալը՝ «Կազմակերպությունը իր գործառույթներն իրականացնում է 17 հաստիքային միավոր ունեցող անձնակազմով, որի պահպանման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տարեկան հատկացվում է 29569.4 հազար ՀՀ դրամ, ինչը նպատակահարմար չի համարվում»:
Դեռևս «Հետազոտությունների վրա հիմնված երիտասարդական պետական քաղաքականության մշակումը վտանգված է» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Մարինա Գալստյանը մտահոգություն հայտնեց, որ E-draft.am-ում շրջանառության մեջ դրված որոշման նախագծում հստակ նշված չէ, թե ինչպես են իրականացվելու Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի հետազոտական գործառույթները. «Նշված է, որ գործառույթներն իրականացվելու են նախարարության վարչակազմի միջոցով, եւ տնտեսվելու է պետական բյուջեից տրամադրվող գումարը: Ըստ այդ տրամաբանության՝ նոր մասնագետների համալրում չի սպասվում: Սակայն երբ ուսումնասիրում ենք նախարարության վարչությունը, այնտեղ վերլուծական, հետազոտական աշխատանքներ իրականացնող հաստիք չկա: Դա է մեր մտահոգությունը, որի մասին բարձրաձայնել ենք: Նախարարության հետ քննարկումներ ենք անցկացրել, սակայն միասին որոշում կայացնելու երկխոսություն չկա: Մենք հարց ենք տալիս՝ եթե նոր բաժին ստեղծվի, այդ բաժինն ի՞նչ գործառույթներ է իրականացնելու, ինստիտուտի աշխատանքներն ինչքանո՞վ չեն համապատասխանում այն կարիքներին, որ ունի դաշտը, այն որակներին, որ ունեն հետազոտական կազմակերպությունները»:
Ինստիտուտի աշխատակիցները ևս առաջարկել են օպտիմալացման սցենարներ, որոնց վերաբերյալ քննարկումներ պետք է իրականացվեն լուծարման գործընթացներին զուգահեռ: Դրանց շրջանակներում նախարարությունում Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի տեղակայման ցանկացած տարբերակ վտանգում է հետազոտական կառույցի անկախությունը: Ըստ այդմ, օպտիմալացման շրջանակներում Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի կողմից առաջարկվում է ինստիտուտը տեղակայել գիտական, հետազոտական կառույցի կա՛մ որեւէ բուհի կազմում, կա՛մ ստեղծել առանձին հիմնադրամ:
Քննարկման ժամանակ Քրիստինե Ասատրյանը, արձագանքելով այս առաջարկներին, նշեց, որ նախարարությունը բանակցում է Ինստիտուտը բուհերից մեկի կազմում ներդնելու հարցի շուրջ:
Բացի այդ Ինստիտուտը նախքան այս քննարկումը լոբբինգի շրջանակներում բաց նամակով դիմել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանին, ով կարևորելով փաստերի վրա հիմնված քաղաքականության իրականացումը, նպաստել է ‹‹Մանուկյան Սիմոն›› հիմնադրամի ստեղծմանը: Այս հանգամանքով պայմանավորված Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի աշխատակիցները ակնկալում են նրա դիրքորոշումը և արձագանքը բարձրացված մտահոգությունների շուրջ: Հանդիպման մասնակից, Գյումրու տեղական երիտասարդական քաղաքականության փորձագետ Կարեն Տերտերյանը, կիսելով մեր մտահոգությունը, հայտնեց, որ Կառավարության ներկայացուցիչների հետ երիտասարդների վերաբերյալ քննարկումներին պետք է մասնակցեն ոլորտի այլ ներկայացուցիչներ ևս, օրինակ ոլորտի փորձագետները, Ինստիտուտի խորհրդի անդամները: Քրիստինե Ասատրյանը առաջիկայում նման հանդիպում կազմակերպելու նախաձեռնողականություն հայտնեց:
Սպասում ենք հանդիպման արձանագրությանը, որտեղ հույս ունենք տեսնել հանդիպման արդյունքների մանրամասները: