Նորություններ եվ մեդիա

Փաստարկված երիտասարդական քաղաքականություն. քննարկումները շարունակվում են

Հոկտեմբերի 22-ին e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում  տեղադրվել է ՀՀ Կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է լուծարել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի կազմում գործում է նաև Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը:


Նոյեմբերի 12-ին տեղի ունեցավ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանի  և երիտասարդական ոլորտի փորձագետների ու երիտասարդական աշխատողների համատեղ հանդիպումը այս հարցի շուրջ: Ինստիտուտի աշխատակիցները  իրենց մտահոգությունները հայտնելու հարթակներ մինչ այս հանդիպումը կազմակերպել և իրականացրել են: Դրանք  ավելի հասցեական դարձնելու համար ակնկալում էինք  քննարկմանը տեսնել նաև Կառավարության այլ ներկայացուցիչների, մասնավորապես ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և վարչապետի առաջին տեղակալ Արարատ Միրզոյանին, ինչը տեղի չունեցավ:

 Լուծարման նախագծում որպես հիմնավորում նշվում է հետևյալը՝  «Կազմակերպությունը իր գործառույթներն իրականացնում է 17 հաստիքային միավոր ունեցող անձնակազմով, որի պահպանման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տարեկան հատկացվում է 29569.4 հազար ՀՀ դրամ, ինչը նպատակահարմար չի համարվում»:


  Դեռևս «Հետազոտությունների վրա հիմնված երիտասարդական պետական քաղաքականության մշակումը վտանգված է» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն  Մարինա Գալստյանը մտահոգություն հայտնեց, որ E-draft.am-ում շրջանառության մեջ դրված որոշման նախագծում հստակ նշված չէ, թե ինչպես են իրականացվելու Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի հետազոտական գործառույթները.  «Նշված է, որ գործառույթներն իրականացվելու են  նախարարության վարչակազմի միջոցով, եւ տնտեսվելու է պետական բյուջեից տրամադրվող գումարը:  Ըստ այդ տրամաբանության՝  նոր մասնագետների համալրում չի սպասվում: Սակայն երբ ուսումնասիրում ենք նախարարության վարչությունը, այնտեղ վերլուծական, հետազոտական աշխատանքներ իրականացնող հաստիք չկա: Դա է մեր մտահոգությունը, որի մասին բարձրաձայնել ենք: Նախարարության հետ քննարկումներ ենք անցկացրել, սակայն միասին որոշում կայացնելու երկխոսություն չկա: Մենք հարց ենք տալիս՝ եթե նոր բաժին ստեղծվի, այդ բաժինն ի՞նչ գործառույթներ է իրականացնելու, ինստիտուտի աշխատանքներն ինչքանո՞վ չեն համապատասխանում այն կարիքներին, որ ունի դաշտը, այն  որակներին,  որ ունեն հետազոտական կազմակերպությունները»:

Ինստիտուտի աշխատակիցները ևս առաջարկել են օպտիմալացման սցենարներ, որոնց վերաբերյալ քննարկումներ պետք է իրականացվեն լուծարման գործընթացներին զուգահեռ: Դրանց շրջանակներում նախարարությունում Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի տեղակայման ցանկացած տարբերակ վտանգում է հետազոտական կառույցի անկախությունը: Ըստ այդմ,   օպտիմալացման շրջանակներում Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի կողմից առաջարկվում է ինստիտուտը տեղակայել գիտական, հետազոտական կառույցի կա՛մ որեւէ բուհի կազմում,  կա՛մ ստեղծել առանձին հիմնադրամ:

Քննարկման ժամանակ Քրիստինե Ասատրյանը, արձագանքելով այս առաջարկներին, նշեց, որ նախարարությունը բանակցում է  Ինստիտուտը բուհերից մեկի կազմում ներդնելու  հարցի շուրջ:


Բացի այդ Ինստիտուտը նախքան այս քննարկումը լոբբինգի շրջանակներում բաց նամակով դիմել է  ՀՀ  փոխվարչապետի պաշտոնակատար  Տիգրան Ավինյանին, ով կարևորելով փաստերի վրա հիմնված քաղաքականության իրականացումը, նպաստել է ‹‹Մանուկյան Սիմոն›› հիմնադրամի ստեղծմանը: Այս հանգամանքով պայմանավորված Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի աշխատակիցները ակնկալում են նրա դիրքորոշումը և արձագանքը բարձրացված մտահոգությունների  շուրջ: Հանդիպման մասնակից, Գյումրու տեղական երիտասարդական քաղաքականության փորձագետ  Կարեն Տերտերյանը, կիսելով մեր մտահոգությունը, հայտնեց, որ Կառավարության ներկայացուցիչների հետ երիտասարդների վերաբերյալ քննարկումներին պետք է մասնակցեն ոլորտի այլ ներկայացուցիչներ ևս, օրինակ ոլորտի փորձագետները, Ինստիտուտի խորհրդի անդամները: Քրիստինե Ասատրյանը առաջիկայում նման հանդիպում կազմակերպելու նախաձեռնողականություն հայտնեց:

Սպասում ենք հանդիպման արձանագրությանը, որտեղ հույս ունենք տեսնել հանդիպման  արդյունքների մանրամասները:

 

Կապ

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտ
Պարույր Սեվակ 8, Երեվան, Հայաստան
Հեռ.՝ +374 11 704547
Էլ.փոստ:
herminekarapetyan@ystudies.am
marinagalstyan@ystudies.am
parandzemhovhannisyan@ystudies.am
lilitavdalyan@ystudies.am