Նորություններ եվ մեդիա

Սաքսոնիա Անհալթ երկրամաս կատարված ուսումնական այցի մասին

2018թ. սեպտեմբերի 9-15 Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Մարինա Գալստյանը՝ որպես Կրթական քաղաքացիական նախաձեռնության (ԿՔՆ) անդամ մասնակցել է Գերմանիայի Սաքսոնիա Անհալթ (Sachsen-Anhalt) երկրամասի կրթական քաղաքականությանը և կրթական հաստատությունների գործունեությանը ծանոթանալու նպատակով կատարված ուսումնական այցին:

Այցի ընթացքում ԿՔՆ ներկայացուցիչները մի շարք հանդիպումներ են ունեցել երկրամասի կրթության քաղաքականության մշակողների, հանրակրթական դպրոցների ներկայացուցիչների, ծնողների, աշակերտների և ուսուցիչների հետ: Այցի շրջանակներում հայաստանյան պատվիրակության անդամները մասնակցել են նաև ծնողական և մանկավարժական խորհրդի ժողովին, ինչպես նաև ներկա եղել Դրոյսիգի դպրոցի հասարակագիտության և տնտեսագիտության դասերին:

 

41495236_1136247636523706_3614696101820497920_n 41684335_1138494036299066_1500977734354993152_n

Ուսումնական այցի ընթացքում հնարավորություն ընձեռվեց հանդիպելու Սաքսոնիա Անհալթ երկրամասի կրթության նախարար Մարկո Թուլների, երկրամասի գործադիր մարմնի նախագահ պարոն Թոմաս Պլաեի հետ, որոն հետ քննարկվեցին գերմանական կրթական համակարգի առանձնահատկությունները, խնդիրները, առաջիկա ծրագրերը և Հայաստանի հետ համագործակցության ընդլայնումը:

Երկրամասի հետ Հայաստանն ունի համագործակցության բավականին հարուստ փորձ: Սարդարապատի միջնակարգ դպրոցը հանդիսանում է Ռայլ միջնակարգ դպրոցի գործընկեր դպրոցը, ինչի շրջանակներում երկու դպրոցների ներկայացուցիչները փոխադարձ այցեր են կատարել և ծանոթացել երկու երկրների կրթական համակարգին: ԿՔՆ անդամները առիթ ունեցան նաև այցելելու Ռայլ միջնակարգ դպրոց և ծանոթանալու դպրոցի կառուցվածքին և ուսումնական ծրագրին:

ԿՔՆ այցելեց նաև մի քանի հանրակրթական դպրոց, առավել մանրամասն ծանոթանալու համար գերմանական փորձի հետ՝ Ռայլ միջնակարգ դպրոց, Դրոյսիգի դպրոց, Էլիզաբեթ գիմնազիում:

Հայկական պատվիրակությունը մասնակցեց Դրոյսիգի դպրոցի ծնողական և մանկավարժական խորհուրդների նիստերին, որոնց ժամանակ քննարկվեցին միջոցառումների, ուսումնական հարցերի, սոցիալական ցանցերի օգտագործման և այլ հարցեր։ Ծնողական խորհրդի նիստին մասնակցում էին դասարանների ծնողական խորհրդի ներկայացուցիչները, ուսումնական պլանների պատասխանատուները, տնօրենը և աշակերտական խորհրդի նախագահը։ Ներկայացվեցին և քննարկվեցին ավարտական քննությունների փոփոխությունների հարցերը, դասագրքերի, աշակերտների տեղափոխման և այլ հարցեր։

Տեղի ունեցավ նաև այց երկրամասի Դպրոցների որակի և մանկավարժական կրթության պետական ինստիտուտ (State Institute for School Quality and Teacher Education (LISA)), որի շրջանակներում կառույցի աշխատակիցները մանրամասն ներկայացրեցին մանկավարժական կադրերի պատրաստման, ընտրության, գնահատման, վերապատրաստման ուղղությամբ տարվող երկարատև աշխատանքները, ինչպես նաև դպրոցների որակի գնահատման շարունակական գործընթացները:

Ուսումնական այցի շրջանակներում հնարավորություն ստեղծվեց նաև ծանոթանալու դպրոցից դուրս աշակերտների և երիտասարդների հետ տարվող աշխատանքներին: Այսպես, Դրոյսիգ դպրոցում իրականացվում է «Աշակերտները օգնում են աշակերտներին» ծրագիրը, որի շրջանակներում ավագ դասարանների աշակերտները դասավանդում են կրտսերներին և աջակցում նրանց ուսումնական հարցերում: Հալլե քաղաքի Մարդաբանության թանգարանում և Roter Ochse բանտին կից գործող հուշահամալիրում գործում են կրթական ծրագրեր, որոնց ընթացքում երեխաներին և երիտասարդներին տարբեր մեթոդներով ներկայացնում և մասնակից են դարձնում պատմությանը: Տպավորիչ էր Գերմանիայում իրականացվող քաղաքացիական կրթությունը առհասարակ, որին ակտվորեն մասնակցում են տարբեր կազմակերպություններ ՝ինչպես պետական կառույցներ՝ Քաղաքացիական կրթության կենտրոնը, այնպես էլ հանրակրթական դպրոցները, թանգարաններ և այլն:

Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամները երկրամասի կրթության նախարար Marco Tullner-ի հետ ունեցան ամփոփիչ հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին այցի ընթացքում ուսումնասիրված նյութերն ու փորձը։ Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը կօգտագործի դրանք Հայաստանի կրթական համակարգի փոփոխությունների համապարփակ փաթեթի համար։

Նշենք նաև, որ Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի պաշտոնական կայքը անդրադարձ է կատարել սեպտեմբերի 14-ին Կրթական քաղաքացիական նախաձեռնության այցին, որը հասանելի է՝ https://www.landtag.sachsen-anhalt.de/buergerinitiative-aus-armenien-zu-gast/ :

Կապ

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտ
Պարույր Սեվակ 8, Երեվան, Հայաստան
Հեռ.՝ +374 11 704547
Էլ.փոստ:
herminekarapetyan@ystudies.am
marinagalstyan@ystudies.am
parandzemhovhannisyan@ystudies.am
lilitavdalyan@ystudies.am