Նորություններ եվ մեդիա

Ստեղծարար գործունեություն և երիտասարդներ. ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 19-ին՝ գրքի տոնին, Հոդված 3 ակումբում տեղի ունեցավ հանդիպում «Ստեղծարար գործունեություն և երիտասարդներ․գրականություն» թեմայով։

Ներկայացվեցին  Եվրասիա համագործակցություն հիմնադրամի «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ» խորագրով մրցույթի շրջանակներում իրականացված հետազոտությունների արդյունքները։ Մրցույթի շրջանակում կատարված հետազոտությունները բաժանվում են երկու մեծ խմբի. (ան)հանդուրժողականությունը գրական ստեղծագործություններում և (ան)հանդուրժողականության դրսևորումները դասագրքերում։ Ներկայացված աշխատանքների մի մասը գրական և ուսումնական տեքստերի սոցիոլոգիական հետազոտություն է, ինչը կարևոր նշանակություն ունի (ան)հանդուրժողականության դրսևորումների օրինաչափությունները վերլուծելու համար և կարող է նպաստել հանդուրժողականության գաղափարների արդյունավետ դասավանդմանը։

Հանդիպման բանախոսներ էին  Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի  վերլուծաբան Լիլիթ Ավդալյանը և սոցիոլոգ Սոնա Մելիքջանյանը։

 

IMG_20180219_195950     28310135_1550531751669254_984724169_o     28235916_1550428965012866_842592196_n

 

Լիլիթ Ավդալյանը ներկայացրեց «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ նոր և նորագույն գրականության մեջ»։ Հետազոտության նպատակը հայ նոր ու նորագույն գրականության դասական հեղինակների աշխատանքների ու դրանց ստեղծման համատեքստերի ուսումնասիրության միջոցով (ան)հանդուրժողականության երևույթի զարգացումը բնութագրելն է: Սա թույլ է տալիս ծանոթանալ նոր և նորագույն գրականության դասական աշխատանքներում (ան)հանդուրժողականության արտացոլված դեպքերին, ժամանակային կտրվածքով տանել զուգահեռներ:

Հանդիպման մյուս բանախոս Սոնա Մելիքջանյանը ներկայացրեց  «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները ՀՀ միջնակարգ դպրոցներում դասավանդվող հայ գրականության դասագրքերում»։ Հետազոտությունը թույլ է տվել բացահայտել հայ գրականության 7-12-րդ դասարանների դասագրքերում տարբեր ազգերի մասին հիշատակումների քանակը, պարզել՝ ընդհանուր տեքստի որ մասն են կազմում դրանք, բնութագրել ազգերի հիշատակման համատեքստը, առանձնացնել վերջիններիս վերագրվող բնութագրիչները (դրական, բացասական, չեզոք), վերլուծել տարբեր ազգերի ներկայացուցիչների կերպարները, ներկայացնել «մենքնրանք»-ի կիրառման համատեքստը։

Բանախոսների ելույթներին հաջորդեց ակտիվ քննարկում հետազոտությունների մեթոդաբանության, գրականության, դասագրքերի, դասավանդման՝ որպես (ան)հանդուրժողականության ձևավորման միջոցի մասին։

Հիշեցնենք, որ Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտն իրականացնում է հետազոտություն «Ստեղծարար տնտեսության մեջ երիտասարդների զբաղվածության ներուժը և զարգացման հեռանկարները» թեմայով։ Հետազոտության շրջանակներում ինստիտուտը սկսում է հանդիպումների շարք ստեղծարար գործունեության ոլորտներում։ Այս հանդիպումը առաջինն էր շարքում։

«Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ նոր և նորագույն գրականության մեջ»

«Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները ՀՀ միջնակարգ դպրոցներում դասավանդվող հայ գրականության դասագրքերում»

 

Կապ

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտ
Պարույր Սեվակ 8, Երեվան, Հայաստան
Հեռ.՝ +374 11 704547
Էլ.փոստ:
herminekarapetyan@ystudies.am
marinagalstyan@ystudies.am
parandzemhovhannisyan@ystudies.am
lilitavdalyan@ystudies.am
anushnalghranyan@ystudies.am