Volunteer's Space

Նոր երանգեր…

Ուղիղ երկու ամիս է, ինչ Լեհաստանում եմ, ասել է թե՝ գրեթե 60 օր: Պետք է նշեմ, որ օրերն ինձ համար երբևէ այսքան կարճ չեն թվացել, ինչպես այս ընթացքում. դրանք ուղղակի սահում են ակնթարթների նման՝ հիշողության հուշաթերթերում սքողելով բոլոր վառ հույզերս ու տարաբնույթ ապրումներս:
Չեմ հասցնում աչքս թարթել, մեկ էլ զգում եմ, որ առավոտն արդեն երեկո է դարձել, երկուշաբթին՝ կիրակի, իսկ շաբաթն՝ արդեն ամիս…

Հենց այսպես էլ իրական կյանքն է՝ մի օր երեխա ես, շուտով աննկատելիորեն թևակոխում ես երիտասարդություն, հետո հասուն տարիք և մի օր էլ հանկարծ նկատում ես, որ ծերությունն ակամա դուռն է թակում՝ իր խոժոռ ու սառնասիրտ դեմքով: Ժամանակն ագահ է համայն մարդկության հանդեպ, ուստի պետք է փորձել կյանքից վերցնել հնարավոր ամենը. շուտ արթնանալ՝ ուշ քնել, զբաղվել սիրած աշխատանքով, ունենալ հստակ նպատակներ ու սահուն քայլերով շարժվել առաջ: Թերևս սա է հաջողության ու երջանկության բանաձևը ինձ՝ ԵԿԾ կամավորիս, համար:

20171115_131954[1]

Վերադառնալով աշխատանքային գործունեությանս՝ ընդգծեմ, որ նոյեմբերը բավական հագեցած էր: Մեկ շաբաթ անցկացրեցի մայրաքաղաք Վարշավայում (on-arrival training), որը հոյակապ հարթակ էր Լեհաստանում ԵԿԾ-ով ժամանած այլ երիտասարդների հետ նոր ծանոթությունների հաստատման համար: Հնարավորություն ընձեռվեց ծանոթանալու լեհական մշակույթի հետ, ինչպես նաև օտարազգիներին հրամցնել սեփական մշակույթն՝ իր ողջ գեղեցկությամբ ու ճոխությամբ: Մեծ ոգևորվածություն և պատրաստակամություն հայտնեցի դասընթացի մասնակիցներին հայկական ժողովրդական պարերի ուսուցանել: Գրեթե մեկ ժամ տևած քրտնաջան աշխատանքից հետո՝ դասընթացավարների դատին հանձնեցինք հայկական ամենադիտարժան պարերից մեկը՝ «Ծաղկաձորի»-ն, որը մոտիվացրեց մյուս մասնակիցներին նախաձեռնությամբ հանդես գալ՝ ներկայացնելով նաև իրենց մշակույթից որոշակի պատառիկեր:

Դասընթացը հրաշալի առիթ էր բացահայտելու զարմանահրաշ Վարշավան՝ քաղաք, որի 85 %-ը ավերվել է Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում: Բառերը չեն բավականացնում արտահայտելու հիացմունքս մայրաքաղաքի բնակչության պատվախնդրության ու մեծահոգության նկատմամբ, ովքեր իրենք իրենց միջոցներով շուրջ երեք տասնամյակ տևած շինարարական աշխատանքներից հետո կարողացել են վերականգնել քաղաքի հնագույն տեսքը, որը զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից է: Այսօր այլևս Վարշավան չի տրտմում, այլ դարձել է մեգապոլիս, ուր կարող ես հանդիպել աշխարհի տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներ՝ հնդիկներ, սևամորթներ, չինացիներ, իսպանացիներ, ռուսներ, հայեր և այլն:

Առանձնակի կցանկանայի ներկայացնել «Stare Miasto» կոչվող վայրում գտնվող այս՝ առաջին հայացքից անշուք ու հասարակ թվացող, բրոնզե զանգի պատմությունը: Այն կառուցվել է 1646 թ-ին՝ Ս. Ջոնի տաճարի կտուրին տեղադրելու համար: Սակայն, շուտով պարզ դարձավ, որ այն չի կարող զրնգալ: Մարդկանց հիասթափությունը սահման չուներ, մինչ օրերից մի օր իսկական հրաշք տեղի ունեցավ. զանգը սկսեց ղողանջել: Այդ օրից ի վեր այս մետաղե զանգն այլևս անպետք իր չէ, այլ՝ «Ցանկությունների զանգ»: Մայրաքաղաքի բնակչությունը հավատում է, որ տվյալ զանգն ի զորու է իրականացնել մարդկության երազանքները, եթե դրա շուրջը մեկ պտույտ գործեք: Դե ի՜նչ, ես իմ պտույտն արեցի, հիմա հերթը ձե՜րն է…

Հեղինակ՝ Ալմիրա Նիկողոսյան

Լեհաստանում Երիտասարդական միջոցառումների իրականացման

կենտրոն/Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի կամավոր

Կապ

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտ
Պարույր Սեվակ 8, Երեվան, Հայաստան
Հեռ.՝ +374 11 704547
Էլ.փոստ:
herminekarapetyan@ystudies.am
marinagalstyan@ystudies.am
parandzemhovhannisyan@ystudies.am
lilitavdalyan@ystudies.am
anushnalghranyan@ystudies.am