Volunteer's Space

ՍՈՎՈՐՈՒՄ ԵՄ ՍՈՎՈՐԵՑՆԵԼՈՎ

Անտարակույս մտածում եք, որ լեհերենը շատ նման է ռուսերենին, ավելին՝ հավանաբար մարդիկ կլինեն, ովքեր ենթադրում են, որ եթե օրերից մի օր հանդիպեն լեհն ու ռուսը, ապա կարող են հաջողությամբ հաղորդակցվել՝ յուրաքանչյուրն օգտագործելով իր իսկ մայրենի լեզուն…

Թո՛ւյլ տվեք ձեզ հակառակն ապացուցել…լեհերենն ու ռուսերենն այնքան են միմյանցից տարբեր, ինչպես օրինակ՝ լեհերենում «owoce» նշանակում է ոչ թե բանջարեղեն, այլ միրգ, կամ «zapomnić»՝ ոչ թե հիշել, այլ մոռանալ…

Այսպիսի օրինակները քիչ չեն, ուստի չեմ ուզում ձեզ առավել խճճել, այնպես ինչպես ես էի խճճվել իմ աշխատանքային հենց առաջին օրը, երբ մանկավարժը դիմեց իր սաներին՝ ասելով.

_Dzieci, siedzą na dyvanie.

Օգտագործե՛ք ձեր վառ երևակայությունը՝ պատկերացնելու այն իրավիճակը, որում հայտնվել էի ես: Դասասենյակը երկար-բարակ ուսումնասիրելուց հետո՝ վստահորեն եզրակացրեցի, որ այնտեղ մի բան այնպես չէր: Հավատացե՛ք՝ ոչ մի բազմոց չէր նշմարվում մոտակայքում: Զարմանքս էլ ավելի սաստկացավ, երբ մանկավարժը կրկնեց հրահանգը՝ այս անգամ արդեն նկատողություն անելով իր «անհնազանդ» սաներին:

Մի խոսքով՝ «Dzieci, siedzą na dyvanie» թարգմանվում է այսպես. «Նստե՛ք գորգի վրա…»:

Ինչ խոսք, լինելով սլավոնական լեզու, լեհերենը չէր կարող բացարձակ տարբեր լինել ռուսերենից, ինչն ակներև է դառնում, երբ ուսումնասիրում եմ  քերականությունը՝ ի հակառակ այն փաստի, որ լեզվում կիրարկվում է լատինական այբուբենը:

Եվրոպական կամավորական ծրագրի կարևոր կողմերից մեկն այն է, որ այն զուգակցվում է տվյալ երկրի պետական լեզվի ինտենսիվ ուսուցմամբ՝ չնայած, որ այստեղ լեհերենն ամենուր է՝ աշխատավայրում, ավտոբոսում, խանութում, փողոցում և երբեմն էլ նույնիսկ մեր «բազմազգ բնակարանում»՝ հատկապես երբ կամավորներից մեկը նախապես մի նոր բառ կամ արտահայտություն է սովորում ու ցանկանում է մյուսների վրա  տպավորություն գործել:

Կարծում եմ՝ մյուս կամավորների համեմատ ես մի փոքր «առավելություն» ունեմ. իմ աշխատավայրում մանկավարժներից միայն մեկն է անգլերեն խոսում, ով գրեթե միշտ զբաղված է լինում, իսկ մյուսները չեն տիրապետում որևէ օտար լեզվի: Շատերիդ կթվա, որ անհնար է այսպես աշխատել օրական շուրջ 6 ժամ: Վստահորեն կնշեմ, որ հնարավոր է, հատկապես երբ ամեն բացվող առավոտ տեսնում եմ ինձ սպասող ու ժպտացող երկու հարյուրյակից ավելի պսպղուն աչքեր, ովքեր լի են անսահման լույսով ու ջերմությամբ, ովքեր ինձ գրկախառնվելու ու «Պանի՛ Ալմիրա» գոչելու առիթը բաց չեն թողնում: Ասեմ, որ հենց երեխաներն են իմ ամենահավատարիմ բարեկամներն ու լեհերենի «լավագույն ուսուցիչները», ովքեր մեկը մյուսին հերթ չեն տալիս այս գործում:

Երբեմն զգում եմ, թե մանկավարժներն ինչպես են ինձ գովաբանում, որ կարողանում եմ ճիշտ արտասանել օտար բառերն ու օրական մտապահել ավելի քան 25 բառ: Այստեղ, թերևս, օգնության է գալիս այն հանգամանքը, որ բացի մայրենիից տիրապետում եմ երեք օտար լեզվի, ինչը գործնականում դյուրացնում է չորրորդ լեզվի ուսուցանումը:

Ինքս իմ անձի հանդեպ ունեցած պահանջկոտությունը ստիպում է չբավարարվել այն հանգամանքով, որ արդեն հասկանում եմ առօրյա խոսակցությունները. պետք է առաջ շարժվել՝ կենտրոնանալով բանավոր խոսքի վրա:

Հեղինակ՝  Ալմիրա Նիկողոսյան

Լեհաստանում Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն/Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի կամավոր

 

Կապ

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտ
Պարույր Սեվակ 8, Երեվան, Հայաստան
Հեռ.՝ +374 11 704547
Էլ.փոստ:
herminekarapetyan@ystudies.am
marinagalstyan@ystudies.am
parandzemhovhannisyan@ystudies.am
lilitavdalyan@ystudies.am
anushnalghranyan@ystudies.am