Volunteer's Space

Եթե դու ինձ սովորեցնես սիրել անձրևը, ամբողջ հոգով կսիրեմ քե՛զ, Գդինյա՛

2017 թվականի հոկտեմբերի 3… ահա այսօր կյանքն ինձ համար մի այլ երանգավորում ստացավ: Հաղթահարելով իրարամերժ զգացմունքների անվերջանալի շղթան՝ ամբողջ մեկ օր տևած ճանապարհորդությունից հետո վերջապես հասա Գդինյա՝ լեհական գողտրիկ մի քաղաք, որը երիզվում է Բալթիկ ծովի սառնորակ ջրերով: Ամեն ինչ այնքան հանկարծակի ու միանգամից կատարվեց, որ չհասցրեցի անգամ նկատել, թե երբ ավարտվեց հայաստանյան տոթակեզ ամառն ու սկսվեց լեհական ուշ աշունը, երբ շարունակ անձրև է, իսկ քամին ուժգին սուլում է՝ ասես մարմնումդ մշտապես զգացնել տալով իր պաղ շունչը:

Չնայած եղանակային կամայականություններին՝ մարդիկ այստեղ շատ ջերմ են, հոգատար ու սրտացավ, ինչը զգացվեց առաջին իսկ պահերից, երբ ոտք դրեցի այն բնակարան, ուր ապրելու եմ շուրջ մեկ տարի: Բնակարանը կարծես մի զարմանահրաշ խաչմերուկ լինի, որը շաղկապում է տարբեր մշակույթներ՝ ավստրիական, մոլդովական, բելառուսական, ուկրաինական, թուրքական և հայկական: Լինելով տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ունենալով տարբեր կրթություն ու աշխարհայացք՝ թերևս մեզ միավորում է այն, որ բոլորս երիտասարդ ենք ու եկել ենք Լեհաստան՝ նոր ու վառ երանգներով գունավորելու մեր առօրյան՝ միաժամանակ ձեռք բերելով նոր գիտելիքներ ու փորձ ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնային ոլորտում:

Եվրոպական կամավորական սույն ծրագիրը համակարգում է «Centre for Youth Cooperation and Mobility» կազմակերպությունը, որն առաջատար է ՀԿ ոլորտում: Կազմակերպության աշխատակազմը ջանք ու եռանդ չի խնայում անմոռաց դարձնելու այժմ Գդինյայում գտնվող շուրջ 22 երիտասարդների առօրյան՝ իրականացնելով տարաբնույթ շրջայցեր, միջմշակութային հանդիպումներ ու էքսկուրսիաներ: Օրեր առաջ այցելեցինք Գդանսկում բոլորովին վերջերս բացված «Երկրորդ համաշխարհային պատերազմի» թանգարան: Թանգարանի՝ ապակեպատ շինությունը, վիթխարի ամրոց է հիշեցնում, որի անթիվ-անհամար սենյակներում ամփոփված է քսաներորդ դարի չարիքը՝ իր ողջ դաժանությամբ ու սառնասրտությամբ: Ինչքան ուզում է տեսականորեն պատկերացում ունենաս պատերազմի ու դրանից բխող սահմռկեցուցիչ հետևանքերի մասին, այս շենքի պատերից ներս ակամա սկսում եմ մի այլ կերպ արժևորել մարդկային կյանքն ու գնահատել խաղաղության գինը: Ավելորդ է նշել, որ մարդիկ հավասար են՝ անկախ ռասսայական ու կրոնական պատկանելությունից, սեռից ու տարիքից: Խաղաղությո՜ւն… ամեն գնով:

Հեղինակ՝  Ալմիրա Նիկողոսյան

Լեհաստանում Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն/Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի կամավոր

Կապ

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտ
Պարույր Սեվակ 8, Երեվան, Հայաստան
Հեռ.՝ +374 11 704547
Էլ.փոստ:
herminekarapetyan@ystudies.am
marinagalstyan@ystudies.am
parandzemhovhannisyan@ystudies.am
lilitavdalyan@ystudies.am
anushnalghranyan@ystudies.am